25 օգոստոսի 2020 - 11:43 AMT
Ծառուկյանի ընկերությունը գնել է բելառուսական «Բրեստսկոյե պիվոն»

«Մուլտի Թրեյդ Գրուպ» ընկերությունը գնել է բելառուսական«Բրեստսկոյե պիվո» (Брестское пиво) ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, հայտնել է ընկերության հակաճգնաժամային կառավարիչ Դիմիտրի Պոլիվկոն, փոխանցում է «Երեկոյան Բրեստ» թերթը:

«Մուլտի Թրեյդ Գրուպը» «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս է կազմում, պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։

Ակնկալվում է, որ «Բրեստսկոյե պիվո» ընկերության զարգացմամբ կզբաղվի բուլղարական «ԲԿ-Գորնա Բանյա» (БК-Горна Баня) ընկերությունը, որը նույնպես «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս է :

Այն ևս 2009-ից պատկանում է «Մուլտի Գրուպին», Բուլղարիայում շշալցված հանքային և սեղանի ջրերի, գազավորված ըմպելիքների և մրգային հյութերի առաջատար արտադրողներից է:

2012-ից Մինսկում գործում է «Հայկական Ստանդարտ» համատեղ ձեռնարկությունը, որը զբաղվում է «Մուլտի Գրուպի» կազմի մեջ մտնող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանում («Նոյ» ապրանքանիշ) արտադրված կոնյակի շշալցմամբ: