25 օգոստոսի 2020 - 12:44 AMT
«Ֆրեսկոյի» շրջանակում Երևանում ամեն օր բացօթյա կինոդիտումներ կլինեն

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը մեկնարկել է ֆիլմերի բացօթյա ցուցադրումով՝ Աբովյան փողոցի Սբ Աննա և Սբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում։

Ֆրեսկոյի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել սահմանամերձ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին հաջորդել են միջազգային ֆիլմերի դիտումներ:

Ծրագրով նախատեսված բացօթյա կինոդիտումները կլինեն ամեն օր՝ ժամը 19:00-23:00, մինչև սեպտեմբերի 1-ը: Չնայած ֆիլմերի դիտումով հետաքրքրվածների քանակը շատ է, համավարակով պայմանավորված տարածքում նախատեսվում է 40 հոգու համար նստարան։

«Այս տարի 85 երկրից ներկայացված 3000-ից ավել հայտից ընտրվել է 63 ֆիլմ 23 երկրից։ Միջոցառումներից որոշները անցկացվում են օնլայն հարթակում, իսկ առաջիկա օրերին կլինեն բազմաթիվ ֆիլմերի բացօթյա դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ», - նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։

Կինոդիտումներից առաջ ներկաները ջերմաչափվում են, կրում դիմակ և պահպանում սոցիալական հեռավորություն։

Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ՝ օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյանկին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: