25 օգոստոսի 2020 - 21:55 AMT
Մահացել է Խաշթառակում ծեծված 6-ամյա երեխան

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարքին»,- գրել է նա։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռանը ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին։ Դրանց հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Բացի այդ, օգոստոսի 14-ին, 16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում 57-ամյա տղամարդը պարբերաբար ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին։

Պարզվել է նաև, որ երեխային ծեծել է նաև հորաքույրը։ 28-ամյա կինը պարբերաբար ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով ծեծել է իր 5 անչափահաս երեխային, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդուն։