26 օգոստոսի 2020 - 09:07 AMT
Պայթյուն Երևանում՝ գազի արտահոսքից. Փլատակների տակից 2 մարդու են հանել

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի 3 հասցեում գազի արտահոսքից պայթյուն է եղել, շենքը մասնակի փլուզվել է։

Նախնական տվյալներով՝ փլատակների տակից դուրս է բերվել 2 քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Ավելին վաղ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնել էր, որ 2 հոգի փլատակների տակ է։

Ըստ ԱԻՆ-ի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Դեպքի վայրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։