26 օգոստոսի 2020 - 15:48 AMT
Առաջարկ. ԼՂՀ ԳԽ 1-ին նախագահին հետմահու Արցախի հերոսի կոչում շնորհել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի հերոսի կոչում շնորհել։ Այդ մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Մկրտչյանին հետմահու Արցախի բարձրագույն պետական կոչում շնորհելու հարցը ներկայացվել է նախագահին առընթեր պետպարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանը։

«Պետական և քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ եմ ունեցել խոսելու ապրիլի 14-ին՝ քվեարկության գնալուց առաջ: Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- ասվում է գրառման մեջ։

1992-ի հունվարի 9-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, ով հունվարի 10-ին արդեն ստանձնեց ԳԽ նախագահի պարտականությունները: Նա մասնակցել է Հադրութի շրջանի հայկական գյուղերի ազատագրման կռիվներին: Արթուր Մկրտչյանը ՀՅԴ անդամ էր:

Մկրտչյանը զոհվել 1992-ի ապրիլի 14-ին՝ չպարզված հանգամանքներում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչն առնվազն տարօրինակ է զենքին լավ տիրապետող մարդու համար: Հադրութում մինչ օրս համարում են, որ Մկրտչյանը զոհվել է դավադիր գնդակից: