26 օգոստոսի 2020 - 17:53 AMT
Ջեֆ Բեզոսի կարողությունը գերազանցել է $200 մլրդ-ը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գերազանցել է $200 միլիարդը։ Դա տեղի է ունեցել ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ, գրում է Forbes-ը։

Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն է։ Նրան է պատկանում Amazon-ի բաժենտոմսերի 11.1 տոկոսը։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 55%-ով։ Բեզոսի կարողությունը 12 ամսում աճել է գրեթե $86 միլիարդով։

Բեզոսն առաջին մարդն է պատմության մեջ, որի կարողությունը հասել է $200 միլիարդի։ Սակայն այդ կարգավիճակում նրան չի հաջողվել երկար մնալ, քանի որ օգոստոսի 25-ի սակարկությունների ավարտին նրա կարողությունը գնահատվում էր $199․7 մլրդ։

Բեզոսն ավելի շուտ կարող էր հասցնել կարողությունը $200 մլրդ-ի, եթե չլիներ ապահարզանը։ 2019-ի հուլիսին Բեզոսը բաժանվեց կնոջից՝ Մաքքենզի Սքոթից, 25 տարվա ամուսնությունից հետո՝ տալով նրան Amazon-ում իր մասնաբաժնի մեկ քառորդը՝ այսինքն մոտ 4%-ը։ Այժմ նրա կնոջ կարողությունը գնահատվում է $63,4 մլրդ։ Հուլիսին նա գրեթե $1,7 մլրդ է նվիրաբերել 116 ոչ կոմերցիոն կազմակերպության։