9 փետրվարի 2009 - 16:39 AMT
Ջավախքում շարունակվում են հայերի ձերբակալությունները
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հայերի ձերբակալությունները Սամցխե-Ջավախեթի-Ծալկա շրջանում: Փետրվարի 7-ին Ախալցխայում ձերբակալվել է ոմն Գիշո (ձերբակալվածի տվյալները ճշտվում են): Վրացական հատուկ նշանակության ջոկատը խուզարկել է ձերբակաlվածի տունը` հույս ունենալով այնտեղ որեւէ ապօրինի զենք գտնել: Չնայած, որ խուզարկությունը ոչինչ չտվեց վրացի ոստիկաններին, դա չխանգարեց, որպեսզի նրանք ձերբակալեին տան տիրոջը եւ Թբիլիսի տանեին նրան:
Ախալցխայի բնակչությունը այդ ձերբակալությունը կապում է Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանի եւ «Շառլ Ազնավուր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Հակոբջանյանի գործի հետ: Տեղի հայությունը հասկանում է, որ վրացական ուժային կառույցները այդ կերպ փորձում են ցույց տալ, որ նոր ձերբակալությունները, իբր, Գ.Մինասյանի եւ Ս.Հակոբջանյանի հարցաքննությունների արդյունքն են, եւ դրանով իսկ ջանում են առանձնացնել հունվարի 22-ին ձերբակալված հայ հասարակական գործիչներին, հաղորդում է ԻՑ BAGIN-ը:
Հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու` Գրիգոլ (Գրիգոր) Մինասյանին եւ Սարգիս (Սերգեյ) Հակոբջանյանին, որոնց կասկածում են ապօրինի զինված խմբավորման ստեղծման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ՔՕ 223 հոդվածի 1-ին մասի («ապօրինի զինված խմբավորման ստեղծում կամ կառավարում») ու 314 հոդվածի 1-ին մասի («լրտեսություն») համաձայն ձերբակալված Մինասյանի եւ Հակոբջանյանի վերաբերյալ այդ հոդվածներով գործը վարում է ՆԳՆ կոնտրհետախուզության բաժինը: