28 օգոստոսի 2020 - 10:28 AMT
Վարչապետի մոտ քննարկվել են համատարած հայտարարագրման կազմակերպման մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում խորհրդակցությանը քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր: Քննարկումը ծավալվել է համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների շուրջ:

Անդրադարձ է եղել հարկման արդյունավետ մոդելին, հարկման ենթակա եկամուտների տեսակներին, հայտարարատուների շրջանակին, վարչարարության գործիքներին և այլ հարցերի: Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են առաջարկներ և դիտողություններ:

Փաշինյանը կարևորել է հայտարարագրման մշակույթի ներդրումը՝ ընդգծելով, որ այս բարեփոխման նպատակը պետականամետ մտածելակերպի և քաղաքացիական կեցվածքի ձևավորումն է: Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել հայտարարագրման իմպլեմենտացիոն համապարփակ մեխանիզմների մշակման շուրջ աշխատանքը և ներկայացնել առաջարկներ:

Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ղեկավարներ, ԱԺ պատկան հանձնաժողովների պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:

2019-ից ՀՀ-ում քննարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրման հնարավորությունը։ Համարվում է, որ դա կնպաստի ուղղակի հարկերի հավաքագրմանը՝ հասցնելով նվազագույնի վարչարարական ծախսերը: