28 օգոստոսի 2020 - 12:01 AMT
Վրացահայ նկարչի կտավը՝ Google-ի վիրտուալ հարթակում

XIX դարավերջին - XX դարասկզբին Վրաստանում ապրած և ստեղծագործած հայ նկարիչ Հարություն Շամշինովի (Շամշինյան) «Քեհենոբա» (հին վրացական ժողովրդական տոն) կտավը հայտնվել է Google-ի Մշակույթի ինստիտուտի բացառիկ ցուցահանդեսի վիրտուալ հարթակում։

Արվեստասերները կարող են տեսնել «Քեհենոբա» կտավը Zoom In խոշորացված ձևաչափով։

Ըստ Արվեստների պալատի տնօրեն Գեորոգի Կալանդիայի` սա նման առաջին ցուցահանդեսն է Հարավային Կովկասում, քանի որ Google-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Շամշինովի «Քեհենոբան», որը պահվում է Վրաստանի Արվեստների պալատում, գրում է Sputnik Georgia-ն։

«Ազգային թատրոնից մինչև քաղաքական երգիծանք» առցանց ցուցահանդեսը կմնա կայքի մշտական ցուցադրությունում։

Սա վրաց արվեստագետների և Google-ի Մշակույթի ինստիտուտի արդեն 11-րդ համատեղ նախագիծն է։

Առցանց հարթակը հնարավորություն է տալիս վիրտուալ ճանապարհորդություն կատարել դեպի տարբեր ժողովրդների և ժամանակների արվեստի նմուշներ։ Այստեղ հավաքված են մեծ վարպետների գործերի տասնյակ հազարավոր պատճեններ աշխարհի հարյուրավոր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից։

Google-ի Մշակույթի ինստիտուտը գլոբալ ինտերակտիվ կրթական առցանց նախագիծ է, որը միավորում է համացանցում ամբողջ քաղաքակրթության մշակութային ժառանգությունը։