28 օգոստոսի 2020 - 12:44 AMT
Շիրակում գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջն օձի խայթոցից

Գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, օձի խայթոցից, շների կյանքը փրկել չի հաջողվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը։

«Օրերս արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռի հետ արածեցնելիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։ Երկու գամփռներն անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափերով գյուրզայի հետ։

Գամփռները թեև սատկացրել են օձին, սակայն ծանր վիրավորվել են և մի կերպ են կարողացել գյուղ հասնել։ Կարճ ժամանակ անց երկուսն էլ սատկել են օձի խայթոցներից»,-ասվում է գրառման մեջ։

Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։ Գամփռը հազարամյակներ շարունակ եղել է Հայկական լեռնաշխարհի շուն։ 2011-ին Միջազգային Կինոլոգիական Միության (International Kennel Union) Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է հայկական Գելխեղդի՝ Գամփռի ստանդարտը։ Նրան շնորhվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը, և այն գրանցվել է 204 համարի ներքո։ Համաձայն ընդունված ստանդարտի՝ ճանաչվում է հայկական Գամփռի կարճամազ տեսակը /մազածածկույթի երկարությունը՝ 2-ից 6 սմ/։