28 օգոստոսի 2020 - 14:01 AMT
ՄԻՊ-ը դիմել է ԵԽ, ՄԱԿ և Եվրոպական օմբուդսմեններին՝ հայ սպայի իրավունքների խախտման հարցով

Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի միջազգայնորեն ամրագրված իրավունքների կոպիտ խախտումների առնչությամբ ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին, այդ թվում՝ կապված նրա մասնակցությամբ տեսանյութերի հետ: Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է «5-րդ ալիք»-ին։

Оգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի է ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր դիվերսիայի մասին տեղեկությունը։ Ավելի ուշ Ադրբեջանը տեսանյութ էր հրապարակել, որում Ալավերդյանը տեսախցիկի առջև կարդում է, որ ցանկանում է մնալ այդ երկրում։

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ սպայի կինն իրեն ասել է, որ տանն Առաքելյանը խնդիրներ չի ունեցել, ծառայությունից չի բողոքել։ Սպան երկու երեխա ունի։

Կառույցը սպայի մասնակցությամբ ադրբեջանական կողմի հրապարակած երկու տեսանյութի հիման վրա զեկույցներ է պատրաստել, որոնցից մեկն արդեն ուղարկվել է ԵԽ, ՄԱԿ, Եվրոպական օմբուդսմենների հաստատություն։

Ավելի վաղ ՄԻՊ ղեկավարը կրկին դիմել էր մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ ուշադրությունը հրավիրելով հրապարակված տեսանյութերի վրա, որոնք վկայում են գերու իրավունքների կոպիտ խախտումների ու նրա հանդեպ ատելության մասին։

Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը բացառում է նվաստացնող որևէ տեսակի վերաբերմունք: