28 օգոստոսի 2020 - 17:33 AMT
2021-ի գարնանը ՀՀ-ն ռիսկի խմբերի համար Covid-19-ի պատվաստանյութ կունենա

Ներկայումս աշխարհում կա փորձարկումների երրորդ փուլում գտնվող արդեն 8 պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, ինչը նշանակում է, որ 2021-ի գարնանը նաև Հայաստանի շուկայում կլինի պատվաստանյութ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ պատվաստանյութի հարցում Հայաստանը վերջնական ընտրություն կկատարի, երբ այժմ փորձաշրջան անցնող դեղերը գրանցվեն։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով Հայաստանն այս պահին փնտրտուքի մեջ է և բանակցություններ է վարում տարբեր երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ։

Եթե Moderna ընկերությունն ավելի ցածր գին առաջարկի պատվաստանյութի համար, ապա Հայաստանը ձեռք կբերի ոչ թե ռուսականը, այլ հենց ամերիկյանը:

«Մենք փորձում ենք բոլոր ուղղություններով բանակցել, որպեսզի ապահովագրվենք, որ աննշան քանակությամբ երկրում հենց ի սկզբանե ունենանք, գոնե կարևոր ռիսկային խմբերին կարողանանք պատվաստել»,- նշել է նա:

Պաշտոնյան ասել է, որ սպասում են՝ երբ ռուսական պատվաստանյութը կանցնի երրորդ փուլի փորձարկումները և կունենա մշտական գրանցումը։

Օգոստոսի 28-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24.5 մլն է։

Photo. AP