28 օգոստոսի 2020 - 19:31 AMT
Քրհեղինակություն «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է

«Օշականցի Գևորիկ» անունով հայտնի քրեական հեղինակություն Գևորգ Մելիքյանը կալանավորվել է։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Մելիքյանը մեղադրվում է հանցավոր գործակցություն ստեղծելու կամ հանցավոր գործակցություն ղեկավարելու հոդվածով (պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)։

ԱԱԾ-ն օգոստոսի 26-ին հայտնել էր, որ բացահայտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ: Գևորգ Մելիքյանը ձերբակալվել է այս գործի շրջանակներում, ապա ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ նույն գործի շրջանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել դատարան։