31 օգոստոսի 2020 - 17:51 AMT
Ադրբեջանը փորձում է հայ սպային Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի մարդասպանների հետ նույն հարթության վրա դնել

Մոլորվելու պատճառով Ադրբեջանում հայտնված հայ սպային տարբեր քրգործերով մեղադրանքներ առաջադրելը նպատակ ունի նույն հարթության մեջ դնել հայկական կողմի մոտ գտնվող ադրբեջանցի հանցագործ «գերիներին» և ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանում հայտնված հայ գերիներին։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահի խորհրդական, փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Նրա գնահատականով՝ ադրբեջանական կողմը կարող է փորձել կրկին առաջ քաշել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման հարցը, որը հայկական կողմը բազմիցս մերժել է։ Հենց այս նպատակով էլ բավականին լուրջ մեղադրանքներով քրգործեր են հարուցում։

Ադրբեջանն առաջարկում է «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել ռազմագերիներին։ Հարցն այն է, որ Արցախի բանտում են Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների դիվերսանտները։ Նրանք սպանել էին հայկական բանակի սպայի, 17-ամյա պատանու, վիրավորել քաղաքացիականի։ Հայկական կողմը հրաժարվում է այդ մարդկանց տալ Ադրբեջանին, որովհետև նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ հանցագործներ։

Փորձագետը նշում է, որ ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից գերիների փոխանակման ձևակերպումը չի գործածվում, որովհետև ենթադրվում է նրանց հայրենադարձումը։

Այնինչ, Ադրբեջանը վերջին տասնամյակներում փորձել է տարբեր պատճառներով իր տարածքում հայտնված զինծառայողների և քաղաքացիների վերադարձն ապահովել այն պարագայում, եթե Հայաստանը նրանց հանձնի հայկական տարածքում տարբեր հանցագործություններ իրականացրած անձանց, օրինակ՝ 2014 թվականին Քարվաճառի շրջանում հանցագործություններ, սպանություններ իրականացրածներին։

«Ադրբեջանի առաջին խնդիրը համահարթեցում իրականացնելն է, ինչն իրականում անթույլատրելի է։ Բնական է, չէ՞, որ հայ հովիվը կամ նույնիսկ մոլորված զինծառայողը չպետք է նույն հարթության մեջ դիտվեն այն խմբի անդամների հետ, որոնք ներթափանցել են Արցախի խորքը, սպանել մարդկանց»,- նշում է Տիգրան Աբրահամյանը։

Օգոստոսի 22-ին նախնական տվյալներով մոլորվելու հետևանքով Ադրբեջանում հայտնված հայ սպային մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Գուրգեն Ալավերդյանին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածով մեղադրանք է առաջադրվել։

2019-ին Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ևս մեկ հայ՝ գյուղացի, որը 2018-ի ամռանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից։ Նրան լուրջ մեղադրանքներ էին առաջադրվել՝ ընդհուպ ահակեբկչական գործողություն իրականացնելու փորձ։