«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը՝ անդրադառնալով Երևանում ոստիկանների և ֆուտբոլիստների մասնակցությամբ միջադեպին, հայտարարել է, որ դրան մասնակցել է ակումբի միայն 1 ֆուտբոլիստ։
Համացանցում լուրեր էին տարածվել, թե միջադեպին մասնակից են եղել «Փյունիկի» մի քանի ֆուտբոլիստներ։
«Տարածված լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ակումբում մտահոգված են կատարվածի առթիվ և ակտիվ գործակցում են ոստիկանության և իրավաբանների հետ։
Օգոստոսի 30-ին՝ ժամը 23։15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել: Արդյունքում 30 և 26 տարեկան երկու երիտասարդ բերման են ենթարկել և ձերբակալվել, հայտնել է ոստիկանությունը։ Ըստ ԶԼՄ-ների՝ ձերբակալվածները ֆուտբոլիստ եղբայրներ Գոռ և Էդգար Մալաքյաններն են։ Գոռ Մալաքյանը ներկայումս Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ է։