Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է քրգործ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ, հայտնել է ՔԿ խոսնակ Ռիմա Եգանյանը, փոխանցում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ դեռ ընթանում է նախաքննություն։
Ավելի վաղ «Փաստինֆոն» հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել։
ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
2019-ին այդ առանձնատներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ ՊՎԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ 2019 թվականի աշխատանքներում արձանագրվել են խախտումներ։