Նախնական տվյալներով՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց, տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նախնական տվյալներով թունավորման կասկածով Արմավիրի ԲԿ է ընդունվել 10 անձ, մահվան 11 դեպք է գրանցվել։
Ոստիկանության Արմավիրի վարչության և Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղու արտադրողը:
Բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին:
ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, և հիշեցնում է, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։