1 սեպտեմբերի 2020 - 18:14 AMT
Անհայտը Թալիշում հրկիզել է 7 առանձնատուն, 3 կացարան և ալրաղաց

Արցախում անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ. Ս.-ին, Գ. Օ.-ին, Ա. Ա.-ին, Վ. Ա.-ին, Ն. Ս.-ին և Զ. Դ.-ին պատկանող առանձնատները և 3 կացարան, ինչպես նաև համայնքին պատկանող ալրաղացը:

Նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս է պատճառվել, տեղեկացնում է Արցախի քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: