2 սեպտեմբերի 2020 - 13:39 AMT
ՈւԽ նախագահ․ ԵՊՀ 1-ին կուրսեցիների վարձը բարձրացել է 70,000-ից 160,000 դրամով

Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70,000-ից 160,000 դրամով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ մտահոգություն հայտնելով, որ կրթության արժեքը բարձրանում է, իսկ հեռավար կրթության պատճառով որակն ընկնում։

Նրա խոսքով՝ մարտից հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն անարդարացիորեն շարունակում են նույն չափի վարձ վճարել: Նա օրինակ է բերում ռադիոֆիզիկին, որը պետք է սարքավորումներով աշխատանք կատարեր, հեռավար տարբերակով չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույն վարձը վճարել:

«Ու՞մ են պետք «դուք եք մեր ապագան» խոսքերը, երբ այս տնտեսական անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70,000-ից մինչև 160,000 դրամով: Եվ չկա գեթ մեկը, ով կհարցնի՝ մի՞թե հնարավոր չէր դա անել այն ժամանակ, երբ տնտեսությունը ոչ թե երկնիշ անկում է ապրում, այլ գոնե գտնվեր կայուն աճի փուլում»,- գրում է ՈւԽ նախագահը: