3 սեպտեմբերի 2020 - 14:03 AMT
Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել

Իտալիայի նախկին վարչապետ, 83-ամյա Սիլվիո Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել։

«Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը մի քանի օր Սարդինիայում է եղել, որտեղ հանդիպել է գործարար Ֆլավիո Բրիատորեի հետ։ Ավելի ուշ Բրիատորեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Բերլուսկոնին ևս թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել, գրում է «Կոմերսանտը»:

Նա շարունակում է աշխատել Արկորում գտնվող իր նստավայրից, որտեղ առանձնացել է ինքնամեկուսացման նպատակով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն կարող է բուժօգնություն ցուցաբերել Իտալիայի նախկին վարչապետին։

«Վստահ եմ, որ եթե պահանջվի, նախագահը համապատասխան կարգադրություն կանի»,- ասել է նա։

Բերլուսկոնիի գլխավորած «Առաջ, Իտալիա» կուսակցությունը մասնակցելու է սեպտեմբերի 20-21-ին կայանալիք տարածաշրջանային ընտրություններին։