Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, եղբայրներ Գոռ և Էդգար Մալաքյաններն ազատ են արձակվել։ ՀՖՖ-ն միջնորդություն էր ներկայացրել նրանց մասնակցությամբ միջադեպի առնչությամբ։
Մալաքյանները չեն ցանկացել մանրամասներ հայտնել իրավապահների հետ Կասկադում տեղի ունեցած միջադեպից՝ նշելով, որ հետագայում ամեն ինչ կպարզվի։ Եղբայրները նաև շնորհակալություն են հայտնել ՀՖՖ-ին և իրենց սատարողներին, գրում է Aysor.am-ը։
Սեպտեմբերի 2-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել էր իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյանների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ:
Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում էր դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնատար անձինք պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է, որ օգոստոսի 30-ին` ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել էին:
Ավելի ուշ եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը տեղեկացրել էր, որ ֆուտբոլիստներին մեղադրանք է առաջադրվել և հրապարակել էր Մալաքյանների լուսանկարներից մի քանիսը, որտեղ երևում են նրանց կապտուկները։ «Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները»,-գրել էր նա։