10 փետրվարի 2009 - 17:38 AMT
Հայաստանի գեղասահքի հավաքականը կարող է համալրվել կանադացի գեղասահորդով
Հայաստանի գեղասահքի հավաքականում կարող է հայտնվել եւս մեկ այլազգի գեղասահորդ-մենակատար, Կանադայի ներկայացուցիչ Ֆյոդոր Անդրեեւը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Անդրեեւի հետ արդեն բանակցություններ են վարում:

«Անդրեեւը արտակարգ գեղասահորդ է եւ Կանադայի լավագույն գեղասահորդներրի քառյակում է: Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում նրա հետ: Դեռեւս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, քանի որ Անդրեեւին փորձում են ձեռք բերել նաեւ Ադրբեջանն ու Բելառուսը: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից Ֆյոդոր Անդրեեւի մասնակցության հնարավորությունը տոկոսային հարաբերությամբ գնահատվում է 51-ը 49-ի` ի օգուտ մեզ»,- նշել է Սամվել Խաչատրյանը:

Նշենք, որ Ֆյոդոր Անդրեեւը հայտնի խորհրդային մարզիչներ Ալեքսեյ Չետվերուխինի եւ Մարինա Զուեւայի որդին է: