3 սեպտեմբերի 2020 - 12:20 AMT
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 4 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 2-ն Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտ, 1-ն էլ՝ Ստեփանակերտից: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում՝ 32, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել: Համաճարակի բռնկումից ի վեր կատարվել է 11,158 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ ԱՀ ոստիկանությունը տեղադրել է անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 2 դեպք է գրանցվել` հիվանդների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։