3 սեպտեմբերի 2020 - 15:08 AMT
«Սեռական առողջության այբբենարանը» 1999-ի գրքույկ է. Այն չկա և չի եղել դպրոցական ծրագրում

«Սեռական առողջության այբբենարան» գրքույկը հրատարակվել է դեռևս 1999-ին և երբեք ներառված չի եղել դպրոցական ծրագրում։ Այդ մասին հայտարարել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը՝ արձագանքելով սոցցանցերում շրջանառավող՝ գրքույկից հրապարակված լուսանկարներին։

Նշվում է, որ Աննա Պետրոսյան անունով օգտատիրոջ գրառումից տպավորություն է ստեղծվում, թե խոսքը գրքի մասին է, որը դասավանդվում է դպրոցներում, մասնավորապես՝ տարրական դասարաններում։

Մինչդեռ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ հիշյալ դասագիրքը որևէ կապ չունի դպրոցական ծրագրի հետ։ Ուսումնական պրոցեսում այն ներառված չէ և չի եղել։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև «Սեռական առողջության այբբենարանի» համահեղինակ, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Խաչիկյանի հետ։ Վերջինս նշել է, որ գրքույկը հրատարակվել է դեռևս 1999 թվականին։ Բրոշյուրի համահեղինակներն են Մերի Խաչիկյանը, Ժասմեն Հարությունյանը և «Ընտանիքի առողջության պահպանման հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (վերջինս այլևս չի գործում)։

Բժշկուհի Խաչիկյանը հավելել է, որ գրքույկը նախատեսված չէ դպրոցական ծրագրի համար, այն տրամադրվել է մասնագիտական սեմինարի շրջանակում, որի մասնակիցները եղել են 16 տարեկանից բարձր անձինք։ Ավելին, գրքույկները ոչնչացվել են՝ մասնակիցների կողմից նկարազարդումների բացասական արձագանքից հետո։