7 սեպտեմբերի 2020 - 19:12 AMT
Բժիշկները Նավալնուն դուրս են բերել արհեստական կոմայից․ Վիճակը բարելավվում է

Բեռլինի «Շարիթե» կլինիկայի բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն հանել են բժշկական կոմայից և աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական օդափոխության սարքից, փոխանցում է Meduza-ն։

Ըստ կլինիկայի հաղորդագրության՝ Նավալնին սկսել է արձագանքել շրջապատի ազդակներին, վիճակը բարելավվում է։

Կլինիկայից նշել են, որ դեռ վաղ է խոսել Նավալնու առողջության վրա թունավորման թողած հնարավոր երկարաժամկետ հետևանքների մասին։

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ էր հայտնվել օգոստոսի 20-ին։ Նա իրեն վատ էր զգացել Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ, ինչից հետո ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Օմսկում, քաղաքական գործչին հոսպիտալացրել էին։ Երկու օր անց նա Բեռլին էր տեղափոխվել։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի իշխանությւոնները հայտնել էին, որ նրան թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութով։