8 սեպտեմբերի 2020 - 12:34 AMT
ԶԼՄ․ Բելառուսի ընդդիմադիրներից Կոլեսնիկովան Ուկրաինայի սահմանը հատելիս կալանավորվել է

Բելառուսի ընդդիմադիր առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան բերման է ենթարվել Ուկրաինայի հետ սահմանը հատելիս, փոխանցում է Forbes-ը՝ հղում անելով BelTA Telegram-ալիքին: Նշվում է, որ նրա հետ են եղել նաև ընդդիմադիրներ Անտոն Ռոդնենկովը և Իվան Կրավցովը։

Ալիքը հայտնել է, որ Կոլեսնիկովան բերման է ենթարկվել Բելառուսի սահմանն ապօրինի հատելիս։ Ավելի վաղ նշվել էր, որ Մարիա Կոլեսնիկովան, ընդդիմադիր ևս երկու գործչի հետ առավոտյան 4-ին գտնվել է անցակետում, 08։41-ին այդ հրապարակումը փոխվել է, ջնջվել է նաև կալանքի մասին տեղեկությունը։

Կոլեսնիկովային բերման ենթարկելու մասին գրել է նաև ATN_NEWS Telegram-ալիքը։ Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին նախ հայտարարել է, թե Կոլեսնիկովան, Ռոդնենկովը և Կրավցովը հատել են Ուկրաինայի հետ սահմանը։ Սահմանային անցակետից սակայն ավելի ուշ հայտնել են, թե Ռոդնենկովը, Կրավցովը և Կոլեսնիկովան BMW մեքենայով անցակետում վտանգ են ստեղծել աշխատողների կյանքի համար՝ կտրուկ արագացնելով ընթացքը։ Ըստ աղբյուրի՝ Կոլեսնիկովան մեքենայից դուրս է հայտնվել, «նրան ամենայն հավանականությամբ, դուրս են գցել մեքենայից»։ Մյուս երկուսը հատել են Բելառուսի սահմանը։

Կոլեսնիկովայի փաստաբանը հայտարարել է, որ մինչ այժմ պարզ չէ նրա գտնվելու վայրը։

Սեպտեմբերի 7-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ Կոլեսնիկովային Մինսկի կենտրոնում նստեցրել են «Կապ» գրությամբ միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ։ Բելառուսում իշխանության խաղաղ փոխանցման Համակարգող խորհուրդը ստեղծվել էր նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ, որը քվեարկությունից հետո ստիպված լքել էր երկիրը։ Այդ երկրում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ են․ ընդդիմությունը չի ընդունում 25 տարի երկիրը կառավարած Լուկաշենկոյի հաղթանակը։