8 սեպտեմբերի 2020 - 16:26 AMT
ՊՆ․ Կորոնավիրուս է հաստատվել զորակոչիկների ~0.2%-ի մոտ

Հայաստանում 2020-ի ամառային զորակոչի ընթացքում կորոնավիրուս է ախտորոշվել զորակոչիկների մոտ 0.2%-ի շրջանում, PanARMENIAN.Net-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա տեղեկացրեց, որ բոլոր զորակոչիկները մեկուսացվել են, ստացել համապատասխան բուժում, ապաքինվելուց հետո համալրել են զինված ուժերի շարքերը։

Ամառային զորակոչը մեկնարկել էր մայիսից, սակայն զորակոչիկները զորամաս են մեկնել հուլիս-օգոստոսին։ Նրանք թեստավորվել են վիճակահանությանը մասնակցելուց առաջ՝ արագ հակամարմիններ հայտնաբերող թեստերով։

Ախտորոշումը կատարվել է իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով։ Պաշտպանության նախարարությանը թեստերը նվիրել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ Արյան անալիզի միջոցով, կախված հակամարմինների տեսակից, հնարավոր է լինում պարզել՝ մարդը կորոնավիրուսի ակտիվ, թե նախկին վարակակիր է։

Զորակոչիկները, որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվել, թեստավորվել են նաև ՊՇՌ թեստերով: