9 սեպտեմբերի 2020 - 13:32 AMT
Հենդելի Հռադամիզդ արքային նվիրված օպերան կբեմադրվի Գառնիի տաճարում

Հայաստանում Հռադամիզդ արքային նվիրված գերմանացի կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերան կբեմադրվի Գառնու հեթանոսական տաճարում 2021-ի գարնանը։

Օպերային մասնակցում են հայտնի երգիչներ Բարսեղ Թումանյանը, Աննա Ագլատովան և Յուլիա Լեժնևան։

Նախագծի պրոդյուսեր Գագիկ Մանասյանի խոսքով՝ սիմվոլիկ է օպերայի բեմադրումը Գառնիի տաճարում, քանի որ լիբրետտոյում հիշատակվում է տաճարը։ Sputnik Armenia գործակալության փոխանցմամբ՝ հրավիրվել են հռչակավոր դիրիժոր Ջորջ Փեհլեվանյանը, վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան։

Հռադամիզդը եղել է Մեծ Հայքի դրածո թագավորներից մեկը 51-53 թվականներին։ Գահակալել է Հռոմեական և իբերական ուժերի օգնությամբ։ Չկարողանալով դիմադրել Հայոց թագավոր Տրդատ Ա-ին, փախել է Վիրք։ Փախուստի ճանապարհին սպանել հղի կնոջը և գցել Երասխի ջրերը։ Սակայն Զենոբիան փրկվել է և տեղի հովիվները նրան տարել են Տրդատ Ա-ի մոտ։ Այս իրադարձությունը գրի է առել Տակիտոսը։