9 սեպտեմբերի 2020 - 18:21 AMT
Կոնդի զարգացման հստակ հայեցակարգ կմշակվի

Երևանի Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը և շունչը: Այդ մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է Կոնդի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը:

«Այս միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը հատկանշական է հատկապես նրանով, որ պետական մակարդակով կքննարկենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական խնդիրները։ Կկատարվի բազմակողմանի ուսումնասիրություն՝ պատմաճարտարապետական, տնտեսական, սեյսմիկ և այլ ուղղություններով: Արդյունքում մենք ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երևանի սրտում: Միաժամանակ, ակնկալում ենք լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացում, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացում, նաև աշխատատեղերի ստեղծում»,-ասել է Ավինյանը:

Առաջին քննարկումը վերաբերում էր Կոնդի նոր հայեցակարգային էսքիզ-նախագծի մրցույթին: Նախագիծը ներկայացվել էր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մասնագիտական հանրույթի և մի շարք անհատ ճարտարապետների քննարկմանը: Վերջիններիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է:

Աշխատանքային խմբի կողմից մրցույթի նախագծի քննարկումից ու վերջնական հաստատումից հետո Կոնդի ամբողջական և միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով կհայտարարվի միջազգային բաց մրցույթ:

Փոխվարչապետի հանձնարարությամբ մրցույթի նախագիծը մինչև վերջնական հաստատումը կտեղադրվի նաև e-draft.am հարթակում՝ հանրային քննարկման:

Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Կանգուն որոշ կառույցներ թվագրվում են դեռևս միջին դարերով: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով` «կոնդ» նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Կոնդում է գտնվում 15-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից: Թաղամասում կա նաև հին պարսկական մզկիթ:2006 թվականին կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք