9 սեպտեմբերի 2020 - 21:51 AMT
Արսեն Ջուլֆալակյանն Արայիկ Հարությունյանի հետ անհամաձայնության պատճառով վայր է դնում մանդատը

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Այս մասին ինքը պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին վերաբերյալ: «Որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը», - շեշտել է նա։

«Կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ (հայրենիքին՝ խմբ․) ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ», - շեշտել է նա։

Ջուլֆալակյանն ըդնգծել է, որ որ ՀՀ Օրենսդիր մարմնում իր՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել է արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում: