Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում շատ են ցավում «Իմ քայլից» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշման համար։ Այս մասին PanARMENIAN.Net-ին ասացին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ջուլֆալակյանի բուն հայտարարությունը ԿԳՄՍՆ-ից չմեկնաբանեցին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին վերաբերյալ:
Նրա խոսքով՝ նախարարությունում հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված:
Մանդատը վայր դրած Արսեն Ջուլֆալակյանին խորհրդարանում փոխարինելու է Նարեկ Ղահրամանյանը։