11 սեպտեմբերի 2020 - 10:29 AMT
Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարան կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով

ՀՀ անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։ Այդ մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

«Միջոցառումը կմեկնարկի երեկոյան ժամը 10-ին և կտևի 15 րոպե։ Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Դրանով լուծարվել է Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը և հռչակվել անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե էր անցկացվել ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» է քվեարկել անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ: