11 սեպտեմբերի 2020 - 12:22 AMT
Վրաստանում Covid-19-ի ռեկորդային աճը պահպանվում է․ 87 նոր դեպք կա

Վրաստանում Covid-19-ի ռեկորդային աճը պահպանվում է․ սեպտեմբերի 11-ի դրությամբ 87 նոր դեպք կա։ Սա օրական աճի ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր։

Վրաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով 1917 վարակակիր է գրանցվել, որից 1354-ն ապաքինվել է, 19 մարդ մահացել է։

Երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով 2 գյուղ է փակվել Ծաղերի շրջանում՝ Օրբելի և Լաջանա գյուղերը, գրում է Sputnik Georgia-ն։

Սեպտեմբերի 10-ին այդ գյուղերում վարակի 7 նոր դեպք է գրանցվել։

Սեպտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։