11 սեպտեմբերի 2020 - 16:56 AMT
Արցախում արտակարգ դրությունը երկարաձգվել է

Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է: Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է hրամանագիրը:

Դրանով Արցախում 2020-ի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Ավելի վաղ, Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ երկիր ելումուտի սահմանափակումները հանվել էին։

Սեպտեմբերի 11-ին Արցախում կորոնավիրուսի (Covid-19) 5 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: