11 սեպտեմբերի 2020 - 19:17 AMT
Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, պետությանը պատճառված 9․3 մլն դրամի վնասը նա վերականգնել է, հայտնում են Քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ 2008-2018 թվականներին զբաղեցնելով ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, նա պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով):

Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:

Վարորդը 2015-2018-ին ծառայություններ է մատուցել Ղազարյանի կնոջը, շարունակելով վարձատրվել ԱԱԾ-ում, և ստացել 9.3 մլն դրամ։ Այդ գումարը Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Քրգործով նախաքննությունը շարունակվում է:

2018-ի հունիսին Ղազարյանն ապօրինի հարստացման մեղադրանքով ձերբակալվել էր և ազատ արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Նոյեմբերի 15-ին նա կրկին կալանավորվեց, սակայն դեկտեմբերին Վաչագան 50 մլն դրամ գրավով ազատ արձակվեց։ Նա մեղադրվում էր փողերի լվացում կատարելու մեջ։