12 փետրվարի 2009 - 11:43 AMT
Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացմամբ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Շեմի Ցուրին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: «Հայաստանը շահագրգռված է հայ-իսրայելական փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, եւ հույս հայտնեց, որ դեսպան Ցուրին իր կարեւոր ներդրումը կունենա երկու երկրների միջեւ համագործակցության առավել ընդլայնմանը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Զրուցակակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը եւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների խորացմունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Իսրայելում փետրվարի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, արցախյան հիմնահացրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: