14 սեպտեմբերի 2020 - 11:46 AMT
«Ակնան մեր հայրենիքն է». Արցախի նախագահի ակնարկը՝ Սերժ Սարգսյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «ամբողջ հայության» անունից հայտարարել է՝ «Ակնան մեր հայրենիքն է», ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը:

«Այո, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը: Ու այդ հայտարարությունը ողջ հայության անունից եմ հնչեցնում, Ակնայի իմ այգուց, որն իր դրախտային փարթամությամբ վկայում է ոչ միայն հողի հետ տարիներով իմ պայքարի արդյունքը, այլև կարևոր օրինակ է դառնալու մեր բազմաթիվ այն հայրենակիցների համար, ովքեր կառավարության աջակցությամբ առաջիկա տարիներին ամբողջ Ակնան պետք է վերածեն մի մեծ այգեստանի»,- նշել է նա:

Հարությունյանն Ակնայի հայրենիք լինելու հայտարարությամբ, ամենայն հավանականությամբ, ակնարկել է 2001 թվականին երրորդ նախագահ, այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ բանակցային փոխզիջումների մասին խոսելիս արած հայտարարությանը։

«Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»,- ասել էր Սերժ Սարգյանը։