14 սեպտեմբերի 2020 - 17:44 AMT
ԼՀԿ-ն ևս չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը։ Խմբակցության որոշման մասին հայտնել է ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը` անդրադառնալով ԱԺ կողմից քննարկվող ՍԴ դատավորների ընտրության հարցին։

Նա հիշեցրել է, որ ՍԴ–ում վիճարկում են փոփոխությունների այն գործընթացը, որի հետևանքն էլ այս ընտրությունն է, գրում է Sputnik Armenia-ն։

«Պարոն Շաթիրյանն ու Վաղարշյանն ինձ դասավանդել են։ Վաղարշյանի ղեկավարությամբ թեկնածուականս եմ պաշտպանել։ Չնայած Խունդկարյանի ուսանողը չեմ եղել, բայց գիտեմ` ներկայացված երեք թեկնածուն էլ բավական լուրջ աշխատանք են կատարել իրավական դաշտում։ Սակայն ՍԴ դատարանի ընտրությունը դրվել է հակաիրավական հունի մեջ»,– ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ ԲՀԿ–ական պատգամավոր նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ԲՀԿ–ն չի մասնակցելու քվեարկությանը։ ԱԺ-ում մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Քննարկելու է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Թեկնածուները 3-ն են՝ կառավարությունը ներկայացրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանի։