14 սեպտեմբերի 2020 - 17:47 AMT
ԱԳ նախարար․ Սպասում ենք Եգիպտոսի նախագահին ՀՀ-ում հյուրընկալելուն

Հայաստանում սպասում են Եգիպտոսի նախագահին հյուրընկալելու հնարավորությանը։ Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Կահիրեում Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«Ես անձամբ սպասում եմ իմ լավ ընկերոջը` Սամեհին, Հայաստանում: Նախագահի այցը, որը մենք նախատեսում ենք և ակնկալում ենք սերտորեն աշխատել այդ ուղղությամբ, մտապահված կարևոր ելակետ է՝ համապարփակեցնելու երկկողմ գործակցության բոլոր այդ կարևոր հարցերը»,- ասել է Մնացականյանը:

Նա հավելել է, որ երկկողմ գործակցության համատեքստում Հայաստանը նաև արժևորում է Եգիպտոսի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության հետ սերտորեն գործակցելու հարցում: Նշվել է, որ շարունակվում են բանակցություններն ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու շուրջ, և Հայաստանը շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու մեջ, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի:

«Մենք սերտ գործակցելու ենք Եգիպտոսի և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ` այդ նպատակին հասնելու համար»,-ասել է նախարարը, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Նա նշել է նաև, որ լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա:

«Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով»,-ասել է նա։

Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ Սամեհ Շուքրիի հետ հանդիպմանն ասել էր նաև, որ Հայատանն ուշադրությամբ հետևում է Արևելյան Միջերկրականի զարգացումներին և իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: