15 սեպտեմբերի 2020 - 15:48 AMT
ՌԴ-ում Covid-19-ի դեմ պատվաստվածներից ոմանք բողոքներ ունեն

Ռուսաստանում Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մի մասը բողոքում է թուլությունից, ջերմությունից և մկանային ցավերից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Նա հավելել է, որ պատվաստանյութի արտադրությունն ընթանում է ըստ նախատեսվածի, գրում է «Վեդոմոստին»։

«Ավելի քան 300 մարդ է պատվաստվել, նրանցից մոտ 14%-ը թեթև բողոքներ ունի թուլությունից, մկանային ցավերից, երբեմն ջերմությունն է բարձրանում։ Դրանք, ինչպես և նկարագրված է, այն բարդություններն են, որոնք կանխատեսվել են։ Որպես կանոն, այդ դրսևորումները 1-2 օրից չեզոքանում են»,- ասել է Մուրաշկոն։

Մոսկվայում ընթանում են ՌԴ Գամալեայի անվան գիտական կենտրոնի մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցային փորձարկումները, որին կմասնակցի մոտ 40,000 մարդ։ 250 կամավոր արդեն պատվաստվել է։

Ռուսաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը գրանցել է Covid-19-ի դեմ սեփական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Արտադրությունը սկսվել է օգոստոսի 15-ին։ Կլինիկական փորձարկումների շրջանակում ավարտվել է նաև «Վեկտոր» կորոնավիրուսային կենտրոնի ստեղծած պատվաստանյութով կամավորների պատվաստումը։