15 սեպտեմբերի 2020 - 16:05 AMT
ԱԳ նախարարն ԱՊԼ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ կարգավորման շուրջ ՀՀ մոտեցումները

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, փոխանցում են ԱԳՆ-ից:

Մնացականյանը Ղեյտին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն այցի շրջանակում:

Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում զարգացումներին:

Նրանց մտահոգել է այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների, կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպը, շեշտվել է տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են նաև պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, Մնացականյանը կարևորել է Լիբանանի և Սիրիայի հումանիտար խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքները: