Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 2020-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում փաստացի արձանագրված տնտեսական աճը եղել է բանկի կանխատեսումների շրջանակում, իսկ հուլիսին նախորդ ամսվա համեմատ գրանցված տնտեսական ակտիվության սպասվածից ցածր ցուցանիշը պայմանավորվել է ծառայությունների ոլորտի կրճատմամբ։
Չնայած ապրանքահումքային շուկաներում թույլ գնաճային միջավայրի պահպանմանը, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցություն չի դրսևորվի:
2020 թ. օգոստոսին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.8%: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.1%։
Նշվում է, որ առաջին կիսամյակում գնահատվածից ավելի մեծ է եղել մասնավոր ծախսերի կրճատումը, որի զսպող ազդեցությունը ներքին պահանջարկի վրա մասամբ մեղմվել է Կառավարության կողմից իրականացրած խթանող հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ:
Իսկ նշված փաստացի զարգացումների, համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված պահպանվող մեծ անորոշության և այդ պարագայում հասարակության կողմից ցուցաբերվող զգուշավոր սպառողական և ներդրումային վարքագծի ներքո գնահատվում է, որ առաջիկա եռամսյակներում ներքին պահանջարկը և տնտեսական ակտիվությունը կվերականգնվեն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով:
Հաշվի առնելով պահպանվող ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաև արտաքին ու ներքին պահանջարկի վերականգնման որոշակի հետաձգման հանգամանքը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարել շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Բացի այդ, Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով՝ սահմանելով 4.25%:
ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը կլինի 5.75%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%
ԿԲ Խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը` գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, միջինաժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կավելանա և կանխատեսվող հորիզոնի վերջում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ։