16 սեպտեմբերի 2020 - 11:44 AMT
Նախարար․ Դպրոցներում դիմակ կրելու որոշումը կարող է փոխվել՝ կախված իրավիճակից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կհետևի համաճարակային իրավիճակին, իսկ դիմակների կրման համապատասխան ուղեցույցը հընթացս կարող է փոփոխվել, հայտարարել է նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ փոփոխություններ կանեն, եթե լինի դրա անհրաժեշտությունը, սակայն այս պահին այն չկա։ Չկան նաև ծնողների կողմից բողոքներ՝ կապված դիմակների կրման հետ։

ԿԳՄՍՆ ղեկավարը նշել է նաև, որ երեխաների ու աշակերտների գործոնը շահարկվում է տարբեր նպատակներով։

«Այդ երեխաները, աշակերտները մեր ու հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում կամ ԱՆ-ն մեզ տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների առողջության վրա։ Ես այդ խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ»,- ասել է նա՝ հորդորելով զոհ չդառնալ կեղծ լուրերի։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտից դպրոցներն ու բուհերն անցել էին հեռավար ուսուցման։ Սեպտեմբերի 15-ից երկրում ուստարին մեկնարկել է արդեն դպրոցներում ու բուհերում աշակերտների և ուսանողների ներկայությամբ և հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերով։