17 սեպտեմբերի 2020 - 12:21 AMT
«Շարիտեն» գործարար Պրիգոժինին վերադարձրել է «Նալվալնու բուժման համար» փոխանցված 1 մլն ռուբլին

Գերմանական «Շարիտե» կլինիկան վերադարձրել է ռուսաստանցի գործարար Եվգենի Պրիգոժինին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու «բուժման համար» փոխանցված 1 մլն ռուբլին։ Այդ մասին տեղեկացրել է Պրիգոժինին մոտ կանգնած «Կոնկորդ» ընկերության մամուլի ծառայությունը՝ ի պատասխան գերմանական t-online.de առցանց ռեսուրսի, գրում է Deutsche Welle-ն։

Պրիգոժինը հայտնի է որպես «Պուտինի խոհարար»։ Նա գումարը փոխանցել էր սեպտեմբերի 7-ին։

«Վճարած գումարը վերադարձրել են։ Հավանաբար հետևյալ պատճառներից մեկով։ Առաջինը՝ Եվգենի Պրիգոժինը պատժամիջոցների տակ է։ Երկրորդը՝ գումարը վերցնելու դեպքում կլինիկան պարտավոր է հաշվետու լինել նրան։ Եվ կլինիկան չի ցանկանում բացահայտել Նավալնու թունավորման և բուժման մանրամասները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Պրիգոժինին պատկանող ընկերությունները 2011-ից սնունդ են մատակարարում ՌԴ ուսումնական, բժշկական և պետական հաստատություններին։ Այս ընթացքում դրանք պետությունից ավելի քան 5000 պայմանագիր են ստացել՝ ընդհանուր 209 մլրդ ռուբլու։

Միջազգային փորձաքննությունը հաստատել է, որ Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել։ Մոսկվան ժխտում է ընդդիմադիր գործչի դեմ ոտնձգության մեղադրանքները։ Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Նավալնուն տեղափոխել էին Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։

Photo. TASS