17 սեպտեմբերի 2020 - 13:12 AMT
Առաջարկ․ Ընդլայնել հայտարարագիր ներկայացնողների և տվյալների ցանկը

Ազգային ժողովում քննարկվել է օրինագիծ, որով առաջարկվում է հայտարարագրման պարտականություններ ունեցող անձանց ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու համար ներդնել ծախսերի հայտարարագման նոր ինստիտուտ:

«Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, այդ ծախսերը ենթակա են հայտարարագրման, կամ՝ եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը», - հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նշվում է, որ օրինագիծն ուղղված է պետական կառավարման ոլորտում թափանցիկության ապահովմանը, հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց և ենթակա տվյալների ցանկերի ընդլայնմանը:

Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են պարբերաբար ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ։ Հայտարարագրերն ուսումնասիրում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։