17 սեպտեմբերի 2020 - 16:39 AMT
Երևանում կստեղծվի ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Երևանում կստեղծվի ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր: Դրա կառուցման նպատակով Կառավարությունը տարածք է հատկացվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։

Թումո կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15,000 քմ մակերեսով շինություն, որը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ։ Մոտ 15,000 քմ հողատարածքը տրամադրվել է բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի համաձայնությամբ։

Սա հնարավորություն կտա բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուց հետո ձեռք բերել STEM հմտություններ։

Ստեղծվելու է Թումո-լաբս բաղադրիչը, մեծահասակների ծրագրավորողների դպրոցը, որը, անկախ տարիքից, հնարավորություն կտա բոլորին վերամասնագիտանալ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում և աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։

Նոր համալիրի հիմնումը նախատեսված էր դեռևս 2018-ին դեկտեմբերին Կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված համաձայնագրով։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ շինարարությունը կմեկնարկի 2021-ին և կավարտվի երկու տարում։