Սիրիայում ռուսական ուժերի հետ գրանցված մի քանի միջադեպից հետո ԱՄՆ-ն մեծացրել է Սիրիայում իր ռազմական կոնտինգենտը։ Սիրիայի հյուսիս-արևելք է ուղարկվել 6 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա և մոտ 100 զինծառայող։
BBC-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար Բիլ Ուրբանը հայտնել է, որ լրացուցիչ զորքը միջազգային կոալիցիոն ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար է։
Վերջին տարիներին Սիրիայում պարբերաբար միջադեպեր են լինում ամերիկյան և ռուսական ուժերի միջև: Սակայն վերջին շաբաթներին հյուսիս-արևելքում գրանցվող միջադեպերն ավելի ագրեսիվ են դառնում:
Օգոստոսի վերջին 7 ամերիկացի զինվորական էր վիրավորվել ռուսական զրահամեքենայի հետ ավտովթարի հետևանքով: Կողմերը միմյանց էին մեղադրել բախման համար։
Սիրիայի հյուսիս-արևելքը հիմնականում գտնվում է ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերից բաղկացած Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) վերահսկողության տակ։