21 սեպտեմբերի 2020 - 13:42 AMT
Տոնոյանն՝ Ալիևին․ Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին

Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բանակցում Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, ուրեմն նրա համար բանակցություններ գոյություն չունեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանն այն մասին, որ բանակցությունները՝ որպես այդպիսին գոյություն չունեն:

Ալիևը նաև հայկական կողմին մեղադրել էր բանակցությունները խաթարելու համար․ «Բա ինքն իրեն հո չի՞ մեղադրելու: Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, ասել է նախարարը:

Սեպտեմբերի 19-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմը տապալել է բանակցությունները՝ իր գործողություններով դրանք դարձնելով անիմաստ։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն մատնանշել էր խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները և հայտարարել, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի իրավիճակի ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։