21 սեպտեմբերի 2020 - 15:10 AMT
Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը շնորհավորել են ՀՀ անկախության օրը

Հայաստանի անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդից և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդից:

«Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ շարունակական առաջընթաց և բարգավաճում»,-մասնավորապես, ասվում է թագավորի ուղերձում:

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Ըստ սաուդյան կողմի՝ պատճառը Արցախյան հակամարտության կարգավորված չլինելն է, երկիրն այս հարցում սատարում է Ադրբեջանին։ Այնուամենայնիվ, նախկինում ևս կողմերը միմյանց շնորհավորել են որոշ տոների առթիվ։