22 սեպտեմբերի 2020 - 11:16 AMT
Դուբայի Բուրջ Խալիֆան և Աբու Դաբիի երկնաքերը ՀՀ դրոշի գույներով են լուսավորվել

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել են հայոց եռագույնի գույներով: Այդ մասին ասվում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով:

Հայաստանն իր անկախության 29-ամյակը տոնել է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականին այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» է քվեարկել անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ: